ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Եթե հաղթեմ, մտերիմներիս հետ նշելու եմ հաղթանակս, եթե ոչ, կշնորհավորեմ հաղթողին»

«Եթե հաղթեմ, մտերիմներիս հետ  նշելու եմ հաղթանակս, եթե ոչ,  կշնորհավորեմ հաղթողին»
24.04.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, թիվ 11 ընտրատարածքում ԲՀԿ պատգամավորության թեկնածու ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

ԱՅՑԵՔԱՐՏ

Գրիգորի Մարգարյանը ծնվել է 1964 թ., Երևանում: 1981-ին ավարտել է Բելինսկու անվան թիվ 38 դպրոցը, 1986 թ.` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1987-1990 թթ. աշխատել է «Էրեբունի» ԳԱՄ-ում որպես կադրերի տեսուչ, 1990-1991 թթ. եղել է «Գոռ- 4» կոոպերատիվի իրավախորհրդատու, 1991-1993 թթ.` խուլ-համրերի թիվ 1 կոմբինատի արտադրամասի վարիչ: 1993-1995 թթ. արդյունաբերության նախարարության առևտրական ներկայացուցիչն է եղել Իրանում: 1997 թվականից զբաղվել է ձեռներեցությամբ: 1998-2003 թթ. եղել է «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ խորհրդի նախագահ: 2003-ին և 2007-ին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

-Նախընտրական քարոզարշավը կիսվել է, հանդիպումներում ընտրողներն ի՞նչ խնդիրներ են Ձեզ ամենից շատ առաջադրում:

-Հիմնականում սոցիալական, իրենց ամենօրյա խնդիրները` աշխատանքի, բնակության վայրի, ենթակառուցվածքների գործունեության վերաբերյալ: Քարոզարշավն ապրիլի 8-ից սկսել եմ, բազում հանդիպումներ եմ ունեցել: Հաշվի առեք, որ ես 2003 թվականից նույն ընտրատարածքի պատգամավորն եմ, արդեն 9 տարի, ժողովուրդն ինձ լավ ճանաչում է, 48 տարի այստեղ եմ ապրում, այստեղ եմ դպրոց գնացել, այստեղ եմ իմ ընտրողների հետ կյանքս ապրել:

-Ընտրողների բարձրացրած խնդիրները լուծելու ի՞նչ ծրագրեր ունեք:

-Օրենսդրական դաշտում այնպիսի օրենքների ընդունումը, որոնք նմանատիպ խնդիրների լուծման համար են:

-Թիվ 11 ընտրատարածքում ի՞նչ ձեռնարկություններ կան:

-Սա նախկին Լենինյան շրջանն է, որը պրոլետարական էր հիմնականում, այստեղ էին կենտրոնացած Երևանի գործարանները, և այս տարածքի բնակիչները գործիմաց արհեստավորներ են, արտադրության մեջ հմտացած, որ հայտնվել են ծանր վիճակում` ձեռնարկությունների փակումից հետո: Իսկ այդ ձեռնարկությունները ԽՍՀՄ-ի ժամանակ կառուցվել էին ոչ միայն Հայաստանի պահանջները բավարարելու համար, հումքը ստանում էին ամբողջ Միությունից, արտադրանքն էլ սպառվում էր նույն կերպ: Այդ գործարանները աշխատեցնելու համար նոր տեխնոլոգիաներ են պետք, որովհետև արդեն հին ու բարոյապես մաշված մեքենասարքավորումներով մրցունակ արտադրանք չես տա այն գնով, որով համարժեք արտադրանքը շուկա են դուրս բերում այլ երկրներ:

-Աշխատատեղերի ստեղծման համար ո՞րն է նախընտրելին` մեծ արդյունաբերության վերագործարկո՞ւմը, թե՞ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը:

-Մեծ արդյունաբերությունը շատ դժվար է միանգամից գործարկելը, պետք է սկսել միջինից: Թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգով ընտրվողների ծրագրերում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը միշտ եղել է: Շատ ավելի բարդ է մեծ ձեռնարկությունում գումար ներդնելը, առավել ևս մեր տարածաշրջանում ու Հայաստանի շրջափակման պարագայում, ուստի ճիշտը միջինից սկսելն է: Եթե հիշում եք, ԽՍՀՄ-ի ժամանակներում Հայաստանի կոշիկը, տրիկոտաժը մեծ սպառում ունեին, կամաց-կամաց պիտի այդ արտադրանքը վերականգնենք:

-Իբրև 2-րդ գումարման պատգամավոր, Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ փոքր ու միջին բիզնեսի զարգացումն օրակարգից դուրս չի գալիս` օրենսդրակա՞ն, ֆինանսակա՞ն, քաղաքակա՞ն:

-Նախ` քաղաքական. մենք հաղորդակցուղիների խնդիր ունենք: Ապրանքի գնագոյացման վրա մեծ ազդեցություն ունեն թե՛ տրանսպորտը, թե՛ էներգակիրները: Հայաստան թե՛ հումք բերելն է թանկ, թե՛ ապրանքն արտահանելը: Լուրջ չէ միայն սեփական սպառման համար արտադրելը` ապրանքը պիտի արտահանվի: Ձեռներեցներին հիմնականում այս խնդիրն է կանխում մեծ գումարներ ներդնել, այլ պատկեր կլիներ բաց ճանապարհների դեպքում, այսօր Հայաստանում ներդրումներ անում են մեր երկիրը շատ սիրող մարդիկ` գերազանցապես հայեր, որոնք փորձում են աշխատատեղեր ստեղծել ու վիճակը բարելավել: Փառք ու պատիվ նրանց: Ոչ ոք չի գալու մեզ համար ապագա ստեղծի, այլ երկրները մեր մասին չեն մտահոգվելու, մենք պիտի մեր մասին մտածենք:

-Այս պահին որո՞նք են երեք կարևոր խնդիրները Հայաստանում:

-Կարծում եմ` ամենակարևորն այսօր մեզ համար Ղարաբաղի հարցն է, և այդ հարցի լուծումով շատ-շատ հարցեր տրամաբանական ու արագ լուծումներ կստանան: Մեզ համար դա սկզբունքային հարց է, որ խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը:

-Ինչո՞վ եք բացատրում, որ ընտրարշավում արտաքին քաղաքական խնդիրներին քիչ են անդրադառնում:

-Այսօր ընտրողին նախ և առաջ հետաքրքրում են ներքին խնդիրները, ճիշտ է, դրանց մեծ մասը բխում է արտաքին քաղաքական խնդիրներից, բայց երբ մարդը պարզապես աշխատանք է ուզում, ապահովություն ու ապագա իր երեխաների համար, նրան ներքին խնդիրներն են մտահոգում: Ի՞նչ է պետք այսօր մարդուն` աշխատանք, բնակարան, ապրուստ և ապագայի նկատմամբ վստահություն: Երբ քաղաքական հարցերը լուծվեն, ավելի լավ պայմաններ ստեղծվեն, կարծում եմ` արտագաղթածների մեծ մասն էլ կվերադառնա Հայաստան:

-Հայ-թուրքական հարաբերությունների կայացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Չլուծվող հարցեր գոյություն չունեն, ամեն ինչ ժամանակի մեջ է: Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կայացումը իրենք կապում են Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև պաշտպանել ու պաշտպանում են իրենց «հարազատ» Ադրբեջանին: Հայաստանն իր քայլերն արել է` հետևողական քայլերը, և հիմա Թուրքիան պիտի իր համար պատասխանի այդ հարցին` ուզո՞ւմ է հարևանների հետ 0 պրոբլեմներ կարգախոսին տեր լինել, թե՞ ոչ:

-Ի՞նչ քաղաքական ուժեր եք տեսնում ընտրվելիք խորհրդարանում:

-Կարծում եմ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն»:

-Հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

-Բնականոն ընթացք կունենան թե՛ ընտրությունները, թե՛ սահմանադրությամբ նախատեսված հետընտրական գործընթացները: Իսկ դրա համար պետք է, որ մայիսի 6-ին անպայման ընտրողները գնան ընտրության, եթե բոլորը գնան քվեարկության և ընտրեն, ոչ ոք չի կարող կեղծել նրանց քվեն: Քաղաքացիական պարտքը ապրիորի չէ, բոլորը պիտի հասկանան, որ իրենց մեկ ձայնը որոշիչ է, որովհետև այդ մեկական ձայներից է ձևավորվում հազարավոր մարդկանց ընտրությունը:

-ԲՀԿ-ին` իր ծրագրերի իրականացման համար ինչքա՞ն ձայն է պետք:

-Իշխանություն կամ կոալիցիա կազմող ուժերն ընտրությունների արդյունքներով պետք է այդ հարցերը միմյանց հետ քննարկեն, այսօր այդ հարցին վաղ է պատասխանելը:

-Եթե տետ ա տետ ընտրողին դիմելու հնարավորություն տրվի, ի՞նչ կասեք:

-Նախ` սիրենք մեր երկիրը, որովհետև մերն է, և չմտածենք, թե ինչ պիտի երկիրը մեզ համար անի, մտածենք, թե մենք ինչ կարող ենք անել: Եկեք թույլ չտանք, որ մեր ձայնը կեղծեն, տեր լինեն մեր իրավունքներին:

-Ինչո՞ւ որոշեցիք մեծամասնականով առաջադրվել:

-2003-ին, 2007-ին էլ առաջադրվել եմ մեծամասնականով, ապրում եմ այստեղ և այս տարածքի խնդիրները լավագույնս պատկերացնում եմ, ճանաչում եմ ժողովրդին ու շնորհակալ եմ, որ ինձ վստահում է: Ես պարտավոր եմ կատարել այն խնդիրները, որ առաջադրում է իմ ընտրողը, դա նաև իմ խնդիրն է: Չի կարող այլ տարածքի բնակիչ գալ այստեղ ու հաղթել` ամեն մեկն իր թաղը, իր տունը, իր ընտանիքն ունի:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին:

-Հարգանքով, ընտրությունը մրցակցություն է, որտեղ հաղթում է ուժեղը:

-Մայիսի 7-ին ի՞նչ եք անելու:

-Եթե հաղթեմ, մտերիմներիս հետ նշելու եմ հաղթանակս, եթե ոչ, կշնորհավորեմ հաղթողին:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ